Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երգել իմ ձևով, չկրկնօրինակել ոչ մեկին»

«Երգել իմ ձևով,  չկրկնօրինակել ոչ մեկին»
21.03.2014 | 11:37

«Իրատես de facto»-ի հյուրն է հայկական ռոմանսի լավագույն մեկնաբանողներից մեկը` երգչուհի, երգահան ՄԱՐԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ:

«ԵՐԲ ԵՍ ԷԻ ԵՐԳՈՒՄ, ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՉԿԱՐ»


-Մարիետա, Դուք անձնական օրինակով ժխտում եք այն տեսակետը, թե օտար լեզվով կրթություն ստացած մարդը հեռանում է իր ազգային արմատներից, իր մայրենի լեզվազգացողությունից: Լինելով անգլերենի մասնագետ` դարձել եք հայ ռոմանսի մերօրյա լավագույն մեկնաբանողն ու տարածողը: Ինչպե՞ս կբացատրեք դա:
-Չէի ասի, թե օտար լեզվի իմացությունը հեռացնում է ազգային արմատներից: Իսկ երբ օտարալեզու երգ եմ ներկայացրել արտասահմանյան համերգների ժամանակ, շատ օգնել է: Ֆրանսիայում երգել եմ ֆրանսերեն, և մարդիկ ինձ դիմել են ֆրանսերեն, մտածելով, որ գիտեմ այդ լեզուն: Բայց ամբողջովին տրվել օտար լեզվին, տանը խոսել օտար լեզվով` սխալ է: Հայերենը պիտի լինի առաջնային տեղում: Արմատներից, լեզվից հեռացումը ավելի շատ դրսում է կատարվում:
-Խորհրդային տարիներին գուցե հարաբերականորեն հեշտ էր հայկական էստրադայում ուղի հարթելը, բայց արժանանալ միութենական ճանաչման և դրվատանքի հեշտ գործ չէր: Այդուհանդերձ, Մոսկվայի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայի խմբագիր Կարինե Սիմոնյանը, լսելով Ձեր երգերը, նկատել է. «Սա հայերեն քաղաքային ռոմանսի միակ հաջողված դեպքն է»: Այսօր էլ ռուսները հետաքրքրված են Ձեր երգարվեստով, Ձեր մասին բարձր կարծիք է հայտնել ռուս արվեստաբան Ելենա Էստրելիտան: Ի՞նչ է հետևում այս ամենից գործնականում, սա ենթադրո՞ւմ է Ձեր մուտքը երգարվեստի ռուսական «շուկա»:
-Ռուսական «շուկան» շա՜տ սահմանափակ է, հազվադեպ է պատահում, որ դրսից, կոնկրետ Հայաստանից որևէ մեկին ընդունի: Բայց տարիներ առաջ «Մելոդիա» ստուդիայի թողարկած իմ ձայնասկավառակը վերաթողարկվել է և մինչև հիմա էլ վաճառվում է այնտեղ: Կանադայում, Ամերիկայում նույնպես մինչև հիմա վաճառվում են իմ ձայներիզները: Այստեղ չեն վաճառվում: Թողարկել եմ հարյուր օրինակ ձայներիզ և նվիրում եմ իմ երկրպագուներին: Չեմ հանում վաճառքի, որովհետև դրան իսկույն հետևում են ապօրինաբար բազմացնելու և վաճառելու դեպքերը: Ես դրանից որևէ օգուտ չեմ ստանալու և չեմ էլ ակնկալում: Ինձ համար կարևոր է, որ մարդիկ լսեն երգերս, հետաքրքրվեն դրանցով: Ինչ վերաբերում է ռուսական միջավայրին, դեռ 1985 թվականին ես և Ռուբեն Հախվերդյանը համամիութենական մրցույթի դափնեկիրներ դարձանք, «ԿՀՁ» հեռուստատեսությամբ դա լուսաբանվեց: Դրանից հետո ես արդեն ճանաչված էի ԽՍՀՄ-ում: Մի քանի հազար նամակ էին գրել ինձ ռուս և այլազգի ունկնդիրները ամբողջ Միությունից: Դափնեկիրները որոշվում էին հենց նամակների քանակությամբ: Գովասանքի այնպիսի խոսքեր էին գրված այդ նամակներում, որ ինձ խորապես հուզել էին: Չէի սպասում նման արձագանք: ՈՒ հիմա էլ արվեստաբան, դոկտոր, պրոֆեսոր Ելենա Էստրելիտան Հայաստանից առանձնացրել է երեք երգչուհու անուն` Գոհար Գասպարյան, Լուսինե Զաքարյան, Մարիետա Բադալյան: Սա ինձ համար մեծ պատիվ է:
-Առհասարակ, հայ ամուսինները դեմ են լինում իրենց կանանց «մասսայականացմանը»: Նրանց պատկերացմամբ` կնոջ տեղը խոհանոցն է ու ննջարանը: Ձեր ամուսինը` Հանրային հեռուստատեսության երաժշտական ծրագրերի գլխավոր ռեժիսոր Յուրա Գզոյանը, այս կարծրատիպի հակապատկերն էր: Իրականում ի՞նքն էր նախաձեռնում Ձեր հանրահռչակումը, Ձեր բեմելը, թե՞ Դուք կանացիորեն դիվանագիտական քայլեր էիք ձեռնարկում նրան այդ որոշմանը հանգեցնելու ուղղությամբ:
-Ես բեմում եմ եղել ութ տարեկանից: Բեմն իմ կյանքն է եղել: ՈՒնեցել եմ շատ լավ ուսուցիչներ: Սկզբում երգում էի ռադիոյի մանկական երգչախմբում` Գրիգոր Սանդալջյանի ղեկավարությամբ: Հետո սկսեցի հանդես գալ Մեսրոպ Մեսրոպյանի «Ծաղկեփունջ» խմբում, որտեղ ավելի կենտրոնացա Սայաթ-Նովայի գաղտնիքների վրա: Ապա երգել եմ Էմմա Միրզոյանի երգչախմբում: Մասնակցում էի տարբեր օլիմպիադաների, արդեն շատ ճանաչված էի, երբ ամուսնացա: ՈՒ ամուսինս, այս ամենը իմանալով, ասաց, որ ես իրավունք չունեմ չերգելու: Նա կարծում էր, որ իմ ձայնով, իմ կատարողականով, որի նման ուրիշը չկա, ես չպիտի մնամ ստվերում: Նա այս հարցին ոչ թե իբրև ամուսին էր մոտենում, այլ իբրև երաժշտական հաղորդումների ռեժիսոր: Եվ երբ խոսակցություններ էին տարածվում, թե իր կնոջն է գովազդում, մի քանի հաղորդումից հետո սկսեց խուսափել ինձ նկարահանելուց: Արդեն ուրիշ ռեժիսորներ էին հրավիրում: ՈՒ հիմա, լսելով ձայն չունեցող, համակարգչային տեխնիկայի շնորհիվ իրենց սխալ երգածը շտկող մարդկանց, զարմանում եմ, որ այդպիսիք շատ արագ դառնում են «երգիչ»: Իսկ երբ ես էի երգում, համակարգիչ չկար, անմաքուր երգը ուղղելու, շտկելու հնարավորություն չկար: Այդ ռոմանսները հնչում էին մաքուր կատարումներով: Եվ բոլոր ռեժիսորները ուրախանում էին, որ ես էի ձայնագրվում, որովհետև մեկ անգամից երգում-դուրս էի գալիս: Կրկնել, մի քանի փորձ անել հարկավոր չէր:
-Ի՞նչ եք կարծում, կկարողանայի՞ք խորհրդային խստապահանջ հանդիսատեսի, այն ժամանակվա գեղխորհրդի սահմանած չափազանց խիստ չափանիշների պարագայում մուտք գործել հայ երգարվեստ, եթե չունենայիք Ձեր ամուսնու նման «պրոդյուսեր»: Բառը խիստ ժամանակակից է, բայց երևույթը նաև նախկինում է եղել: ՈՒ եթե անգամ նրան ճնշել են Ձեզ նկարահանելու, Ձեր ճանաչմանը նպաստելու համար, փակել նրա առաջ այդ ճանապարհը, այնուամենայնիվ, առաջին քայլերը կատարելիս բացառիկ է եղել նրա դերակատարությունը Ձեր երգարվեստի տարածման հարցում:
-Ամուսինս ավարտել էր կոնսերվատորիան, երաժշտական բացառիկ ճաշակ ուներ: Նա ինձ խորհուրդներ էր տալիս երգերի ընտրության հարցում: Շատ էր կարևորում ազգային երգերի կատարումը: Ես իմ երգացանկը փորձարկում էի իր նախանշած մոտեցումներով: Նա խորհուրդ էր տալիս երգել իմ ձևով, չկրկնօրինակել ոչ մեկին: Ռուբեն Մաթևոսյանն ասում էր, թե ես իրենց մեջ մտած նոր հոսանք եմ: Շատ լավ ղեկավարություն կար այն ժամանակ: Հեռուստապետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանը շատ հայրենասեր մարդ էր ու լավ ականջ ուներ, իսկական երգը, երաժշտությունն իսկույն զգում էր, գնահատում: Նա կարողանում էր ճիշտ ընտրություն կատարել, գիտեր` ում թույլատրել եթեր դուրս գալ, ում` ոչ: Միայն ամուսնուս ընտրությամբ չէր կարող հարց լուծվել:
-Թողարկել եք երգերի ալբոմ, նաև գիրք` նոտաներով և տեքստերով: Ի՞նչ բովանդակություն ունեն դրանք:
-Իմ ստեղծագործությունների ալբոմն է, գրքում նույն այդ երգերի տեքստերը և նոտաներն են: Տեքստերի մի մասն ինքս եմ գրել, կան Համո Սահյանի բանաստեղծություններով երգեր: Մի անգլերեն ռիթմիկ երգ կա` ավստրալացի բանաստեղծ Ռիչարդ Մորիսի «Ինչքան ժամանակ» բանաստեղծության հիման վրա գրված:

«ՍՆԱՆԿԱՑԱԾ ՄՈՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՂՆԵԼ-ԳՆԱԼ»


-Ձեր երգերում շեշտադրված է բնության թեման: Ձեզ կարելի՞ է բնապաշտ կոչել:
-Հայրենաբնապաշտ (նոր բառ ստեղծենք): Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում: ՈՒր էլ գնում եմ, կարոտած վերադառնում եմ Հայաստան: Օտարության մեջ մի քանի օր կարող ես մնալ: Շատ գեղեցիկ տեղեր կան, շատ շքեղ բաներ կան, բայց այդ ամենն ինձ համար օտար է, ես միշտ ամենուր հիշում եմ իմ սարերը, իմ ձորերը, իմ Հայաստանը: Սնանկացած մորը չի կարելի թողնել-գնալ, չի կարելի լքել: Ես այսպես եմ մտածում հայրենիքի մասին:
-Թեև հանրությունը գերազանցապես Ձեզ ընկալում է իբրև հայ ռոմանսի կատարողի, բայց Ձեր երգացանկում և՛ Կոմիտաս է հնչում, և՛ Շուբերտ, և՛ Յան Ֆրենկել, և՛ գնչուական երգեր: Ո՞րն է երգացանկի ընտրության սկզբունքը:
-Նախ կարևոր է երգի գեղեցկությունը: Հետո երգի այս կամ այն տեսակի ընտրությունը նաև պայմանավորված է եղել որոշակի հանգամանքներով: Օրինակ, Յան Ֆրենկելի և պատերազմական թեմայով բազմաթիվ այլ երգերի կատարումները պայմանավորված էին Հայրենական պատերազմի հոբելյանով: Հենց այդ հոբելյանի տոնակատարության շրջանակներում ես մասնակցեցի համամիութենական մրցույթին և դարձա դափնեկիր: Իսկ Կոմիտասը մեր շնչառությունն է, մեր բջիջների մեջ է: Անհնար է Կոմիտաս չկատարել, չընդգրկել երգացանկում: Արտասահմանյան համարյա բոլոր համերգներն եմ սկսել Կոմիտասով: Իհարկե, նաև երգում էի տվյալ երկրի, տվյալ ժողովրդի երգերը` հարգանքի տուրք տալով հանդիսատեսին: Եղել են դեպքեր, երբ այդ երկրներում ապրող հայերից ինձ մոտեցել ու դատապարտել են, որ, ասենք, Բեթհովենի 3-րդ սիմֆոնիայից հատված եմ երգել: Բայց ես Գերմանիայում էի, չէ՞ր կարելի, որ մի բան էլ իրենց ազգային երաժշտությունից կատարեի: Եվ ինձ ազգասիրության դասեր տվող այդ մարդու երեխային ես հայերեն բարևեցի, ու նա չպատասխանեց, չհասկացավ: Այդպիսի «հայրենասերներ» էլ կան: Երգեր գրելիս ուշադրություն եմ դարձնում տեքստերի գեղեցկությանը: Օրինակ, Գարուշ Հարյանցի տեքստերով երեք երգ եմ գրել, հատկապես հավանում եմ «Հպարտ եմ կրում ցավերս բոլոր» երգը, որն ինձ համար անձնական բովանդակություն ունի: Շատ եմ հավանում Թավրե Թավրեի, Գլակի բանաստեղծությունները: Եթե իմ մեջ խմորվում-հունցվում է բանաստեղծությունը, ապա դառնում է երգ:

«ԾԱՂԻԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ, ՈՐ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՏԱԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ...»


-Հայրենական պատերազմին նվիրված երգերով համամիութենական ճանաչում ձեռք բերած Մարիետա Բադալյանն ի՞նչ առաքելություն է իր վրա վերցրել մեր միս ու արյան բաղադրիչը դարձած արցախյան պատերազմի շրջանում:
-Մի երգ եմ երգել այդ թեմայով` արցախյան պատերազմի ընթացքում կորած երիտասարդի` Էդվարդ Ավետիսյանի մասին: Հեղինակը Ռաֆայել Աբրահամյանն է, գործիքավորել է Արմեն Դիվանյանը: Այդ երգից հետո ես չէի համարձակվում երգ գրել արցախյան պատերազմի մասին: Դա յոթրոպեանոց երգ է, որ ոչ թե ընդամենը երգ է, այլ կարծես բալլադ լինի: Մի քանի տարի առաջ Ռուսաստանում` Կրասնոյարսկի համերգային մեծ դահլիճում այդ երգը երգեցի, և ամբողջ դահլիճը քարացել էր: Նույն հուզմունքով ընդունվեց երգը նաև այստեղ` ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Հանդիսատեսը ոտքի կանգնեց այդ երգի հնչյունների տակ: Վերջերս մի երգ ծնվեց մեր հերոս Արմեն Հովհաննիսյանի մասին, որ իր կյանքի գնով պաշտպանեց սահմանը և փրկեց զինակից ընկերների կյանքը: Իննսունական թվականներին երգել եմ ազատամարտիկների համար հիվանդանոցում: Ահավոր տեսարան էր. ազատամարտիկները` վիրավոր գլուխներով, ձեռք ու ոտքից զրկված, բուժքույրերի օգնությամբ հավաքվեցին մի մեծ սրահում: Ես չէի համարձակվում բերանս բացել: Ի՞նչ համերգ այդ տեսարանի պայմաններում: Մեկ էլ լսում եմ. «Մի հատ «ՈՒռին» երգեք, էլի՜»: Զարմացա, որ վիրավոր այդ մարդիկ իմ երգն են հիշում: Ասացի. «Կերգեմ, եթե ինձ ձայնակցեք»: ՈՒ ստացվեց համերգ: Որոշ ժամանակ անց, երբ ցեխանման հացի համար երկար հերթեր էին գոյանում, ես գնացի հաց գնելու: Մարդիկ անհամբեր հացի մեքենային են սպասում, իրար գլուխ են կոտրում մեկ հաց գնելու համար: Մեկ էլ լսում եմ. «Մեր երգչուհուն թողեք` առաջ գա»: Նայում եմ շուրջս, ուրիշ երգչուհի չկա ինձնից բացի: ՈՒ մարդիկ հասկացան, որ խոսքն իմ մասին է: Ինձ ձեռքների վրա բարձրացրին, անցկացրին ճաղերի հետևը, որտեղից բաժանում էին հացը: Մի մեծ արկղով հաց տվեց ինձ անծանոթ մեկը` զինվորական հագուստով, և ասաց. «Սա այն ծաղիկների փոխարեն, որ չկարողացանք Ձեզ տալ հիվանդանոցում երգելու համար»: Բերեցի այդ հացը տուն ու բաժանեցի շատերին: Ամեն անգամ պատմելիս չեմ կարողանում արցունքներս զսպել: ՈՒ հիմա էլ նայում եմ մեր երիտասարդներին, մեր երկրի պաշտպաններին ու չեմ կարողանում չհուզվել: Մենք ինչո՞ւ պիտի այս վիճակում լինենք:
-Բեմ բարձրանալիս պետք է հաշվի նստել բնության հետ` արտաքին, տարիք, ֆիզիկական ինչ-ինչ տվյալներ: Իսկ ի՞նչ է փոխվում ժամանակի ընթացքում ստեղծագործող, երգ գրող անհատի կյանքում, ի՞նչ գործոններ են նպաստում կամ խանգարում, որ ծնվի նոր երգ:
-Ժամանակն ինձ չի խանգարում: Ես շատ զբաղված եմ երեխաներով, թոռնիկներով, բայց երբ երեկոյան տուն եմ գնում, անպայման դաշնամուրի առջև մի մեղեդի եմ նվագում, մի գործ եմ ստեղծում: Ձայնագրում եմ, որ չմոռանամ, հետո նոր մտածում եմ, թե ինչ կարելի է անել այդ մեղեդու հետ:
-Ձեր դուստրը` Էլիզա Դարյանը, շարունակում է Ձեր նախանշած երգի ճանապարհը: Ի՞նչ ծրագրեր ունեք նրա հետ կապված և առհասարակ:
-Աղջիկս սովորում է կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, Օլգա Զախարյանի սանն է: Նրա հետ համերգ ենք նախապատրաստում, որ կլինի աշնանը: Ինքը «Ավե Մարիաների» շարք կերգի: Մեկ «Ավե Մարիա» էլ ես եմ գրել, որը նույնպես կերգի այդ համերգում: Նաև սպասում եմ Ժաննա Բլբուլյանին, որի երաժշտությունը շատ եմ սիրում: Մի համերգ էլ նրա հետ կունենանք:
-Ձեր մաղթանքը մեկամսյա տոնի տիրույթները թևակոխած հայ կանանց:
-Հայ կինն աշխարհում առաջին հորիզոնականը պիտի զբաղեցնի իր համբերությամբ, իր մարդկայնությամբ, երեխային նվիրվածությամբ: Ոչ ոք չէր դիմանա այնքան զրկանքի, այնքան ցավի, որքան հայ կինը դիմացավ այն մութ տարիներին: Այդպիսի պայմաններում ապրեցինք, պատերազմ, երկրաշարժ, մութ ու ցուրտ տեսանք, բայց ոչ մի համաճարակ մեր երկրում չբռնկեց: Ամբողջ աշխարհն էր սպասում, որ այդպես պիտի լինի, բայց հայ կինը տարավ իր ուսերին այդ ամբողջ բեռը և իր երեխաներին, իր տունը մաքուր պահեց: Ես հիշում եմ, թե ինչեր էի անում այն ժամանակ, որ երեխաներիս կարողանայի լողացնել, մաքուր դպրոց ուղարկել: Սա միայն հայ կինը կարող է անել: Նա երբեք չի դադարում իր երեխային խնամելուց, իր երեխայի համար մայր լինելուց: Օտարները զարմանում են, որ մենք մեզ վրա ուշադրություն չենք դարձնում, որ ամեն բան երեխաների համար ենք անում: Ոչի՛նչ: Թող մեր մազերն ու հոնքերը մի քիչ պակաս խնամված լինեն, բայց երեխայի մոտ ամեն ինչ կարգին լինի, երեխան առողջ, կուշտ, բավարարված լինի: Ես շատ եմ սիրում մեր կանանց: ՈՒ հիմա մեր «արի» տղամարդիկ «բեսեդկաներում» պարապ նստած են: Չհաշված տղամարդկանց այն մի շերտը, որ լափում է, գողանում ու ժողովրդի հաշվին պահում իր տունը: Հիմնականում կանայք են չարչարվում ու իրենց տները պահում: Շատ կցանկանայի, որ հայ կնոջ վրայից ընկներ այս ծանրությունը: Ինչո՞ւ պետք է հայ ազգին անընդհատ շրջանցի «գարունը»: Ես հավատում եմ, որ մենք օրհնյալ ժողովուրդ ենք, և մեր աստվածները` մեր Անահիտը, մեր Աստղիկը, մեզ չեն թողնի, անպայման ճանապարհ ցույց կտան:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ